Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Աչքի լույսի պես պահել

Աչքի լույսի պես պահել

Մանկուց պետք է պատշաճ ուշադրություն դարձնել տեսողությանը: Այսօր բազմաթիվ մարդիկ բողոքում են տեսողության հետ կապված խնդիրներից։ Շատերին է ծանոթ առավոտյան զարթնելուց անմիջապես հետո ակնոցները փնտրելու երեւույթը, քանի որ առանց ակնոցիհստակ չեն երեւում շրջապատող մարդիկ եւ առարկաները։

 

Շատ դեպքերում, հատկապես բարձր կարճատեսություն կամ հեռատեսություն ունեցող մարդիկ բարդույթավորվում են ակնոց կրելիս, քանի որ այն ծանր է եւ փոխում է աչքերի ձեւը, իսկ կոնտակտային լինզաներն էլ առաջացնում են օտար մարմնի զգացողություն. այս դեպքում տվյալ մարդիկ իրենց լիարժեք չեն համարում, այսինքն՝ ընկնում է նրանց կյանքի որակը։


«Տեսողության խնդիրները եւ, ընդհանրապես, աչքի հիվանդությունները լինում են ժառանգական, կարող են առաջանալ բնածին ախտահարումներից, ընդհուպ հոգեկան վիճակից», - «ՀՀ»-ի զրույցում ասաց առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։ Այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում աչքի ամենատարածված հիվանդությունը կատարակտն է, որը վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է լրիվ բուժել։ «Հիվանդը վիրահատվում է ուլտրաձայնային ամենաժամանակակից եղանակով, դրվում է արհեստական ոսպնյակ»։ Ակնաբույժը համաձայն չէ այն տարածված կարծիքի հետ, թե կարճատեսությունը աչքի հիվանդություն է. «Եթե հնարավոր է ապակու միջոցով վերականգնել տեսողությունը, ապա չի կարելի խոսել հիվանդության մասին, իսկ եթե աչքը օրգանական փոփոխություններ է կրում, ապա այդպիսի կարճատեսությունը արդեն հիվանդություն է»։ Թեպետ, երբ արդեն աչքի աճը կանգ է առել, եւ կա ցանկություն ազատվելու ակնոցից կամ ոսպնյակից, կարելի է դիմել լազերային ճառագայթով տեսողությունը շտկելու վիրահատությանը։ «Վիրահատությունը համարվում է արմատական միջամտություն, որը հիվանդին ազատում է ակնոց եւ կոնտակտային լինզաներ կրելու անհրաժեշտությունից եւ կարճատեսության, եւ հեռատեսության դեպքում»,- նշեց Ա. Մալայանը եւ ավելացրեց, որ վիրահատությունից առաջ պետք է անցնել ստուգում՝ աչքի հատակից մինչեւ եղջերաթաղանթ։ Պետք է պարզել, թե արդյոք տվյալ անձը չի՞ տառապում աչքի այլ հիվանդություններով, եղջերաթաղանթը բավականաչափ հա՞ստ է, թե ոչ, քանի որ վիրահատության ընթացքում հեռատեսությունը շտկելիս հեռացվում են եղջերաթաղանթի եզրային մասերը՝ բիբի կորությունը փոխելու նպատակով, իսկ կարճատեսության դեպքում՝ եղջերաթաղանթի կենտրոնական մասը ամբողջությամբ։ Այս երկու դեպքում եղջերաթաղանթը լիովին վերականգնվում է միայն 3-6 ամսում։

 

Վիրահատությունը տեւում է 20 -25 րոպե, եւ ճշմարտությունից հեռու է այն տարածված կարծիքը, թե իբր լազերային վիրահատությունը սարսափելի տհաճ եւ ցավոտ արարողություն է։ «Այն ցավոտ չէ, սկսելուց առաջ հիվանդի աչքի մեջ անզգայացնող հեղուկ է կաթեցվում, ապահովվում է կոպի անշարժությունը, եւ հիվանդից պահանջվում է նայել կարմիր կետին։ Դրանից հետո որոշ ժամանակ կարող է լինել լուսավախություն, ինչը մի քանի օրում անցնում է։ Վիրահատությունից հետո տեսողությունը սկսում է աստիճանաբար լավանալ»,- նշեց գլխավոր ակնաբույժը։


Կա նաեւ մեկ այլ կարծիք, ըստ որի՝ ժամանակի ընթացքում վիրահատված աչքի տեսողությունը ավելի է վատանում, քան մինչեւ վիրահատությունը եղել է, սակայն բժիշկը սա նույնպես հերքեց. «Օրգանիզմը զարգանում է, եւ եղջերաթաղանթը կարող է ձգտել վերականգնելու իր նախկին վիճակը, սակայն սա շատ հազվադեպ երեւույթ է, եւ փոփոխությունն էլ աննշան, ինչը չի կարող ազդել տեսողության որակի վրա»։


Վիրահատության արդյունքում կարելի է ապահովել տեսողության եւ լրիվ, եւ մասնակի շտկում։ Վերջինից հիմնականում օգտվում են որոշ կանայք, որոնք կարծում են, որ առանց ակնոցի այդքան գեղեցիկ եւ տպավորիչ չեն լինի։


Ակնաբուժությունը հատկապես զարգացած է մայրաքաղաքում. «Երեւանում կարելի է կատարել ամենաժամանակակից, ամենաունիկալ վիրահատությունները»։ Սակայն սա որքան ողջունելի, նույնքան էլ մտահոգիչ է։ Ըստ Մալայանի, կան տարածաշրջաններ, որտեղ պոլիկլինիկական ամբուլատոր ծառայությունները բացակայում են, որոշ մարզերում չկան ակնաբույժներ, եւ մարդիկ ստիպված պետք է հասնեն մայրաքաղաք, քանի որ ակնաբուժների 70 տոկոսը կենտրոնացված է Երեւանում։


Տեսողական խնդիրներից խուսափելու, դրանք վերացնելու կամ մեղմելու համար բժիշկը խորհուրդ է տալիս մանկական տարիքում ստուգել տեսողությունը, եւ թերություն նկատելու դեպքում դիմել բժշկի, ինչպես նաեւ տարբեր վարժությունների միջոցով կանխել հիվանդության զարգացումը։ Եթե պատշաճ ուշադրություն չդարձվի տեսողությանը, դա հետագայում կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, որոնց դեպքում ակնոցն էլ չի օգնի։

Հեղինակ. Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. HHpress
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի Ալլա, բարև Ձեզ, Ձեր երեխայի մոտ ամենայն հավանականությամբ բլեֆարիտ է զարգացել (կոպերի եզրերի բորբոքում), սակայն հարկավոր է պարզել պատճառը, որ բուժումը ճիշտ և տեղին կազմակերպվի: Դրա պատճառները տարբեր են, ուստի խորհուրդ ենք տալիս կարդալ հոդվածը, որի հղումը ներկայացվում է ստորև, որ կարողանաք ճիշտ որոշում կայացնել, համապատասխան հետազոտություն կատարել և նոր միայն բուժում սկսել մասնագետի միջամտությամբ:

http://medportal.su/blefarit-simptomy-i-lechenie-demodekoznyj-cheshujchatyj-allergicheskij-blefarit/

Ալլա

15.05.2014

Բարև Ձեզ հարգելի բժշկուհի, Ես Ձեզ մի հարց - խնդրանքով եմ դիմում: Աղջիկս 11 տարեկան է: Եվ վերջերս իր աչքերի վերին կոպերը սկսեցին ուռչել և կարմրել, իսկ հետո թափվեցին թարթիչները, միայն վերևինը, հիմա կարմրությունն անցել է, բայց ուռացությունը կա: Նշեմ որ մենք մի քանի ամիս է ինչ Հայաստանում չենք, բնակվում ենք ՌԴ-ում: Ես տարբեր անալիզների և հետազոտությունների տարա, բայց ոչ մի կոնկրետ բան չեն ասում: Առողջական ոչ մի խնդիր չունի: Հիմա ես Ձեզ խնդրում եմ, եթե դժվար չի, կարող եք բացատրել, թե կոնկրետ ինչից կարող է լինել, ինչ հիվանդություն է դա: Եվ արդյոք կա այնպիսի դեղ որ կարող է բուժել այն: Նախապես շնորհակալություն:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ